շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստաընկերությանը ներկայացրել է Երևանը

Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստաընկերությանը ներկայացրել է Երևանը

Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու մասին Ռուսաստանի Առաջին ալիքը վավերագրական ֆիլմ է պատրաստել:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Պիոտրոսկին դառնում է 75 տարեկան:

«Պահապանը» ֆիլմի մի մասը նկարահանվել է Երևանում, որտեղ 1944 թվականին ծնվել է անվանի ակադեմիկոսը:

Ֆիլմում նա պատմել է իր ծննդավայրի, ընտանիքի մասին, որտեղ կային մտավորականության ներկայացուցիչներ: Պիոտրովսկու հետ նկարահանող խումբը զբոսնել է Հյուսիսային պողոտայում:

Պիոտրովսկին պատմել է. «Իմ հայկական անունը Միքայել էր: Ռուսաստանում ես գրանցվել էի այդ էկզոտիկ անունով, բայց քանի որ դա նույն անունն է, ինչ Միխայիլը, այն թարգմանեցին»:

Թանգարանի տնօրենը ցույց է տվել այն շենքը, որտեղ  ծնվել է, և որտեղ տեղադրված է իր հոր՝  Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը:  

«Իմ երակներով 3 արյուն է հոսում՝ ռուսական, հայկական և լեհական: Իմ ազգությունը շատ պարզ է. տոհմական ռուս ազնվական՝ երեք արյունով: Դրա համար, երբ ես այստեղ եմ, ես ռուս «շովինիստ» եմ, երբ Ռուսաստանում եմ՝ հայ և լեհ «շովինիստ» եմ, երբ Լեհաստանում եմ՝ ռուս և հայ «շովինիստ»,-ասել է նա:

Պիոտրովսկին Երևանի կենտրոնում հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, որը շնորհավորել է նրան Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալու առթիվ:

Տեսանյութում համապատասխան հատվածը կարող եք դիտել 00:09:50-ից

  • Կիսվել: