շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Երևանում վարորդը Mercedes C250- ով Չաուշի հրապարակում մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ

Երևանում վարորդը Mercedes C250- ով Չաուշի հրապարակում մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում  Mercedes C250 մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «15 կվարտալի» Չաուշի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ծաղկի սրահի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Mercedes-ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վահե Վանյանն ու Սևակ Միրզախանյանը: Ժամանել է նաև  ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը ՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի  գլխավորությամբ: Վթարի փաստով Հ. Պետրոսյան կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի օպերլիազորները՝ բաժանմունքի պետ Գ. Պողոսյանի  գլխավորությամբ, պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Հրաչ Ղազարյանը, ով այս պահին ոստիկանների հսկողության տակ է և նա դեպքի վայրից փախուստի չի դիմել:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը,  որնցից 2-ը, ըստ տեղեկությունների՝ ծաղկի սրահի աշխատակիցներն են: 

  • Կիսվել: