Երեւանում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել (տեսանյութ)
Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երեւանում:
Փետրվարի լույս 8-ի գիշերը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի եւ ճանապարհային ոստիկանության` մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն։ Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ Նախքան մեկնարկը Ֆրանսիայի հրապարակում անձնակազմը հրահանգավորվեց։
Հայկ Մհրյանն ու ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը ներկայացրին ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների եւ հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում եւ բացահայտում, ինչպես եւ հսկողություն ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ ։ Անձնակազմից պահանջվեց քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, ու, միեւանույն ժամանակ, խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո անձնակազմն անցավ ուժեղացված ծառայության։
Ուրախությամբ արձանագրենք, որ ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգի կոպիտ խախտումներ կամ միջադեպեր տեղի չունեցան, բացի Նոր Նորքում լռության կանոնների խախտման դեպքից, որը ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ բացահայտվեց։ Հրավառություն կազմակերպած անչափահասը հայտնաբերվեց ու հանձնվեց ծնողի հսկողությանը։ Հայտնաբերվեցին նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ, որոնք արձանագրելուց զատ ճանապարհային ոստիկանները վարորդներին հորդորեցին խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները։
Հասարակական անվտանգությամբ մտահոգ ոստիկանության նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։