երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Վարդավառի տոնակատարություններն՝ անվտանգ և առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ ենթակա ծառայություններն իրականացրել են ուժեղացված ծառայություն

Վարդավառի տոնակատարություններն՝ անվտանգ և առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ ենթակա ծառայություններն իրականացրել են ուժեղացված ծառայություն

Ամառվա ամենասպասված իրադարձություններից Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, այս տարի ևս համախմբել էր հազարավոր մարդկանց՝ ամբողջ երկրում ստեղծելով տոնական եռուզեռ և բարձր տրամադրություն։

Շատ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ ու հովեկներ օրը նախընտրել էին անցկացնել քաղաքից դուրս՝ ուղևորվելով Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ և հանգստավայրեր։

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում Վարդավառի տոնական միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ անցկացումն ապահովելու նպատակով հուլիսի 12-ին՝ վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Ոստիկաններն ու փրկարարները շրջել են լողափերում և հարակից տարածքներում և իրականացրել հսկողություն՝ քաղաքացիներին շարունակաբար իրազեկելով նաև անվտանգության կանոնների պահպանման կարևորության մասին։

Միաժամանակ, Պարեկային ծառայության կարգախմբերը ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ճանապարհներին՝կարգավորելով տրանսպորտային հոսքերը և ձեռնարկելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավոր դեպք-պատահարները բացառելու նպատակով։

Հանրապետության հրապարակը տարվա ամենաջրառատ իրադարձության՝ Վարդավառի գլխավոր տոնակատարության կենտրոններից մեկն էր։ Բազմամարդ միջոցառման ողջ ընթացքում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ստորաբաժանումները մայրաքաղաքում ևս ապահովել են հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու տոնակատարության անխափան ընթացքը։

Վարդավառի տոնակատարություններն ամբողջ հանրապետությունում անցան անվտանգ, կազմակերպված և առանց լուրջ միջադեպերի՝ ևս մեկ անգամ փաստելով ՆԳՆ ենթակա ծառայությունների՝ անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքի արդյունավետության մասին։

  • Կիսվել: