Երևանում նոր կառուցվող շենքից պեմզաբլոկե մի հատված թափվել է անցնող ավտոմեքենայի վրա. վարորդը մահացել է
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոց 59/13 հասցեում նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պատը փլվել է ավտոմեքենայի վրա և կա տուժած։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ խմբի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պեմզաբլոկե ահագին հատված, ըստ նախնական տեղեկությունների, քամու հետևանքով թափվել է և այդ պահին անցնելուց է եղել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի և ամբողջ քարերը թափվել են ավտոմեքենայի վրա։
Փրկարարները ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդին և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 թիվ 17 1-ին ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակելի շենքի շինթույլտվությունը տրվել է 13.03.2024 թվականին, տևողությունը՝ 2 տարի, պատվիրատուն Կ. Մանուկյանն է, իսկ կատարողը՝ «Դավիթ Պապիկյան Գագիկ» Ա/Ձ-ն։


