ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Երևանում նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Երևանում նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել են, որ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Աղբյուր Սերոբի փողոցի 44/48 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում կառուցվող նորակառույց շենքում շինարարական աշխատանքեր կատարելիս տղամարդը բարձրությունից, ըստ նախնական տեղեկությունների նախավերջին կամ վերջին հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։

Տեղում պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի 69-ամյա Սարգիս Թ․-ն է։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: