Երևանում կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակից է ընկել. բժիշկներն արձանագրել են նրա մահը
Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը վայր է ընկել 6-րդ հարկից։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Նարեկ Մաթևոսյանն ու Ազատ Հակոբյանը։
Դեպքի մասին ոստիկանության կենտրոնականի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է որ կիսակառույց շենքի մոտ տեղադրված ցուցանակից տեղեկանում ենք, որ
Կառուցապատողը «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն է (շին. թույլտվություն թիվ 01/18-Դ-120361-2188)
Կապալառուն «ԷՅՍԻ ՔՐՈՍՐՈԴ» ՍՊԸ-ն է (արտոնագիր N16187)
Տեխ.հսկող՝ «ՇԻՆՍԵՐՏՒՖՒԿԱՏ» ՍՊԸ (արտոնագիր N13428)
Նախագծող՝ «ՍՏՈՒԴԻՈ ԶՐՈ» ՍՊԸ (արտոնագիր հ. ՃԲԴ-Ա-0294)
Ճարտարապետ՝ Մարկոսյան Արտավազդ Էմինի: