կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում Hyundai Elantra-ն բախվել է երկաթե դարպասներին, այնուհետև հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա

Երևանում Hyundai Elantra-ն բախվել է երկաթե դարպասներին, այնուհետև հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:, Ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետև առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանն ու ավագ տեսուչ Շահեն Միսկարյանը:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն դեպքի վայրում վիրավոր մարդ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Վթարի վայրի հարևանությամբ մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով. «էս փողոցը որոշ վարորդների համար դարձել է ավտոռալի: Քանի որ ճանապարհը լավ ասֆալտապատված է, որոշ վարորդներ տանջում են ավտոմեքենայի գազի սեղմակը, չմտածելով, որ նման ձևի ավտոմեքենա վարելու պատճառով վթարներ են տեղի ունենում: Այս հատվածում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ վրաերթեր, եղել են մահվան ելքով, իսկ շատ քաղաքացիներ էլ հայտնվել են հիվանդանոցներում: 2 տարի է, դիմել ենք Երևանի քաղաքապետարան, անգամ՝ գրավոր, որպեսզի կամ արագաչափ դնեն, կամ 3-4 արհեստական անհարթություններ:

Վստահ ենք, եթե արհեստական անհարթությունները տեղադրվեն, վթարները մեծ մասամբ կպակասեն: Հիմա ո՞ւմ դիմենք: Փառք ենք տալիս Աստծուն, որ այս վթարի ժամանակ ոչ մի քաղաքացի չի տուժել: Ճիշտ է, տանտերը կրել է նյութական մեծ վնաս, բայց դա լուծվող հարց է, իսկ եթե քաղաքացի տուժեր ու քաղաքացու հարազատները բռնեին ու շան քոթակ տային, ո՞ւմ էին մեղադրելու:

Հիմա գոնե այս վթարից հետո քաղաքապետարանի չինովիկները դուրս գան իրենց կաբինետներից ու գան մի օր, մի քանի ժամով էս փողոցում կանգնեն: Կհամոզվեն, որ մեր խնդրանք-պահանջը անկապ չի: Հարցի միակ լուծումը՝ մի քանի արհեստական անհարթություններ տեղադրելն է, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ վարորդների համար, էլ չենք ասում 5-6 հազար բնակիչների՝ հիմնականում բնակվողների, ժամանած հյուրերի և այս ճանապարհով անցնող Շորբուլախի, Ջրաշենի ապրողների անվտանգության մասին: 

  • Կիսվել: