հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում «Դռռիկ Ալիկի» վրա հրազենով կրակոցներ արձակած հետախուզվողը տարիներ անց հայտնաբերվեց

Երևանում «Դռռիկ Ալիկի» վրա հրազենով կրակոցներ արձակած հետախուզվողը տարիներ անց հայտնաբերվեց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել 2019 թվականի ապրիլին Երևանում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարող Երևանի բնակիչ, 26-ամյա ենթադրյալ կասկածյալի թաքնվելու վայրի մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում պարզել են, որ տեղեկությունը հավաստի է ու նրան վնասազերծելու նպատակով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ իրականացրել են օպերացիան ու Ավան վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերել են Ռոման Քալաշյանին և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Քալաշյանը հետախուզվում էր 2019 թվականի ապրիլի 23-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով․ որպես խափանման միջոց նրա նկատմամբ եղել է կալանք։

Նրան քննչական բաժնից տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ռ․ Քալաշյանը կրակոցներ էր արձակել Ավանում հայտնի «Դռռիկ Ալիկի» վրա։

  • Կիսվել: