ուրբաթ, հուլիս 19
19 / 7 / 2024
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 17-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ «HOT» փաբի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Տիգրան Զոհրաբյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան և 43-ամյա Աշոտ Մուրադյանի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Նվեր Մուրադյանն ու Մարիամ Պողոսյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: