շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում բախվել են BMW-ն, Honda-ն, Nissan-ը, Ford Transit-ն ու ЗИЛ-ը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են BMW-ն, Honda-ն, Nissan-ը, Ford Transit-ն ու ЗИЛ-ը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «բանվորի արձանի կալցավոյում» բախվել են BMW, Honda, Nissan, Ford Transit և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահաս երեխաներ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Սիրունյանն ու Աշոտ Վարդանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը հաջողվել է պարեկներին:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Ա. Պապիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: