ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները, ովքեր համադասարանցիներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները, ովքեր համադասարանցիներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին, ովքեր համադասարանցիներ են, նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Հայրապետյանը և Նարեկ Մուրադյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների և «Opel»-ի վարորդի ինքնությունը։

  • Կիսվել: