շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի երեք հարթակներում տեղի կունենա մեդիա արվեստի 15-րդ միջազգային CYFEST փառատոնը

Երևանի երեք հարթակներում տեղի կունենա մեդիա արվեստի 15-րդ միջազգային CYFEST փառատոնը

Երևանի երեք հարթակներում սեպտեմբերի 2-18-ը տեղի կունենա մեդիա արվեստի 15-րդ միջազգային CYFEST փառատոնը։ Այս տարվա փառատոնի թեման է խոցելիությունը։

CYFEST-ի 15-րդ փառատոնը նվիրված է մարդկային և ոչ մարդկային մարմնի, կենսաբանական, սոցիալ և կիբերտարածությունների, պատմության և ապագայի սցենարների (հակա)խոցելիությանը, ինչպես նաև անցումային վիճակում գտնվող աշխարհի հետ բախումներին և փոխհարաբերություններին։

CYFEST-ը վիդեոարվեստ է, ձայնային ցուցահանդեսներ, փերֆորմանսներ, դասախոսություններ և տեսադիտումներ է ամբողջ աշխարհից արվեստագետների, ինժեներների և ակտիվիստների կողմից։

Փառատոնին մասնակցում է ավելի քան 60 հեղինակ 15 երկրից՝ Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Ճապոնիայից։ Նրանց թվում են 1995 թվականի Վենետիկի Բիենալեի Հայաստանի առաջին ազգային տաղավարում ցուցադրված երկու արվեստագետներից մեկը ՝ Սամվել Բազդասարյանը (1956-2017), նկարիչ, դասախոս, բեմանկարիչ և էլեկտրոնային տեխնիկայի առաջին օգտագործողներից Ֆաբրիցիո Պլեսսին, նկարչուհի, բեմանկարիչ, Վենետիկի 53-րդ Բիենալեի մասնակից Իրինա Կորինան, EJTECH հունգարական փորձարարական դուետը, որն աշխատում է հիպերֆիզիկական միջերեսների, ծրագրավորվող նյութերի և տեքստիլների հետ, ֆինն մուլտիմեդիա արվեստագետ և տեսողական հետազոտող Թուուլա Ներհինենը, ցանցային ինտերակտիվ նախագծեր ստեղծող շվեյցարացի նկարիչ Մարկ Լին, ինչպես նաև նկարչուհի, լուսանկարիչ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վտանգի տակ գտնվող աշխարհի լեզուների ատլաս» ծրագրի շրջանակներում «Վերջին շշուկներ» ծրագրի հեղինակ Լենա Հերցոգը, և շատ ուրիշներ։

Փառատոնի հիմնական հարթակներն են ՀայԱրտ մշակութային կենտրոնը, Ժամանակակից արվեստի ինստիտուտը (ԺԱԻ, Երևան) և Երևանի բուսաբանական այգին, որն իր պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի մեդիա և ձայնային ինստալացիաներ և օբյեկտներ:

«Խոցելիությունը ցանկացած մարդու բնական հատկությունն է: Պարադոքսալն այն է, որ հենց դրա վրա է կարծես հիմնված մարդու ինքնագիտակցությունը և անձնական արժանապատվությունը: Սեփական խոցելիության ճանաչումը մեզ իսկապես ավելի ուժեղ է դարձնում: Սեփական ցանկությունների արտահայտումը, անձնական սահմանների վերագնահատումն ու հարցադրումը գործողություններ են, որոնք որոշակի ռիսկ են պարունակում, բայց նաև օգնում են հաղթահարել մերժված կամ չհասկացված լինելու վախը: Սրանք պատրաստում են մեզ առանց վախի, բայց նաև առանց ավելորդ հույսի ընկղմվելու էնտրոպիայի մեջ և դեմ առ դեմ հանդիպելու կործանմանը: Ճանաչելով մեր խոցելիությունը՝ մենք նաև բացահայտում ենք մեր կարեկցանքի ունակությունը, որը սնուցում է ուրիշների՝ հասարակության և շրջակա միջավայրի հանդեպ մեր էթիկական պատասխանատվությունը» - ասում են փառատոնի համադրողներ Ելենա Գուբանովան և Սիլվիա Բուրինին։

CYFEST-ը նոմադ մշակութային իրադարձություն է։ 2013 թվականից ի վեր ամբողջ աշխարհով՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա ծրագիրը կազմակերպում է ցուցահանդեսներ, համերգներ, փերֆորմանսներ, տեսադիտումներ, դասախոսություններ և վարպետության դասեր։ Փառատոնի առաջնային առաքելությունն է պահպանել միջգիտական համագործակցության, երկխոսության և փորձարարության արժեքները, ուսումնասիրել տարբեր տեսողական լեզուներ և տեխնոլոգիական մշակույթներ՝ ներկայացնելով դրանք լայն լսարանին։ CYFEST-ը միավորում է արվեստի ոլորտի մասնագետների և գիտական համայնքների ներկայացուցիչների՝ արվեստագետների, համադրողների, ինժեներների, ծրագրավորողների, մեդիա ակտիվիստների և տեսաբանների:

2022 թվականին CYFEST-ն առաջին անգամ անց է կացվել Երևանում՝  ՀայԱրտ մշակութային կենտրոնում։ Փառատոնը այցելել է ավելի քան 1000 մարդ։

Փառատոնի համադրողներն են՝ Աննա Ֆրանցը, Ելենա Գուբանովան, Սերգեյ Կոմարովը, Վիկտորիա Իլյուշկինան, Նազարեթ Կարոյանը, Վալենտինո Կատրիկալան, Սիլվիա Բուրինին, Ալեքսանդրա Դեմենտիևան, Ժերոմ Նիվեթ-Կարզոն:

CYFEST-15-ը կազմակերպել է CYLAND International MediaArtLab-ը` համագործակցելով ՀայԱրտ մշակութային կենտրոնի և Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի (ԺԱԻ, Երևան) հետ:

  • Կիսվել: