կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էլեկտրոնային դրամապանակից փող հափշտակած անձը հայտնաբերվեց. Մեծամորի ոստիկանների բացահայտումը

Էլեկտրոնային դրամապանակից փող հափշտակած անձը հայտնաբերվեց. Մեծամորի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 3-ին ոստիկանության Մեծամորի բաժնում Տարոնիկ համայնքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ իր էլեկտրոնային դրամապանակի հաշվից փող է հափշտակվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Փետրվարի 2-ին քաղաքացուն «SMS» հաղորդագրություն էր եկել, որ էլեկտրոնային դրամապանակում առկա գումարի հինգապատիկի չափով տրամադրվում են վարկեր, և որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

Դրանից հետո հաղորդագրությամբ քաղաքացուց պահանջել էին գաղտնաբառ, ինչն էլ նա հայտնել էր։ Գաղտնաբառը տրամադրելուց հետո ոչ միայն վարկ չէր ստացել, այլև էլեկտրոնային դրամապանակում առկա 300 000 դրամը ելքագրվել էր։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները համագործակցեցին քրեական ոստիկանության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ։

Պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Երևանի 26-ամյա մի բնակիչ։ Ճշտվեց նաև, որ նա գումարը կանխիկացրել էր Երևանի սուպերմարկետներից մեկում։

Մարտի 3-ին 26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մեծամորի բաժին, ապա ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն ու խոստովանեց կատարածը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Եվս մեկ անգամ զգոնության կոչ ենք անում. երբեք որևէ եղանակով մի՛ տրամադրեք ձեր անձնական տվյալներն ու գաղտնաբառը կասկածելի ծագում ունեցող կազմակերպություններին կամ անձանց՝ հանցագործության զոհ չդառնալու համար»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: