չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկման համար սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը կգործի ևս մեկ տարի

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկման համար սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը կգործի ևս մեկ տարի

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ. հունվարի 1-ը, երկարաձգել էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկման համար սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը:

Ըստ հիմնավորման՝ 2021-2022 թթ. ընթացքում տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում կիրառվում են 100 լիցքավորման կայաններ, որոնց միջոցով հնարավոր է լիցքավորել միաժամանակ 150 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։ Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն, զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով:

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Խոջոյանը, երկու տարիների ընթացքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային ներմուծման ծավալները։

«Մասնավորապես, 2022 թվականին 2021 թվականի համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ծավալն աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ շուրջ 12 անգամ։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 3,8 անգամ»,- ասել է փոխնախարարը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ուրախությամբ պետք է արձանագրել, որ ՀՀ-ում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումն աճում է, և սա լավ լուր է: Ուրախությամբ պիտի արձանագրեմ նաև, որ Երևանում պարեկային ոստիկանությունն օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Մենք լարված հետևում էինք, թե ինչ կասեն մեր ոստիկաններն այդ մեքենաների գործունեության մասին, պետք է ասեմ, որ շատ դրական արձագանք ունեն: Ուրախությամբ պետք է արձանագրեմ նաև, որ արդեն Երևանում առաջին էլեկտրական ավտոբուսն է դուրս եկել երթուղի, և ՀՀ-ում շատ քաղաքացիներ օգտվում են այդ տրանսպորտի միջոցից»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ եթե Պարեկային ծառայության հետ անհամատեղելիության խնդրահարույց հարցեր չծագեն, ապա Երևանի պարեկային ոստիկանության համար հետագայում ձեռք կբերվեն միայն էլեկտրական շարժիչով մեքենաներ, որից հետո նաև՝ մարզերի համար:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում կարևորել է, որ դրանով կրիտիկական քանակ ձևավորվի և ենթակառուցվածքային հարցեր կլուծվեն։

«Ոլորտում առկա խնդիրներից է ուտիլիզացիան, որը բարդ է: Մենք անվերջ չենք կարող սա թողել արտոնյալ ռեժիմ։ Ես կարծում եմ՝ մենք 2024 թվականին արտոնության միջոցով կրիտիկական քանակ կունենաք, ինչը կխթանի ենթակառուցվածքների ձևավորումը, որովհետև էլեկտրական մեքենաներն առանց ենթակառուցվածքների արդյունք չեն տալիս։ Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհն ոււտիլիզացման ենթակա մեքենաներն ուղարկի ՀՀ: Մենք ուշադիր հետևելու ենք դրան, որ նման բան տեղի չունեն: Եթե զգանք, որ տեղի է ունենում՝ անմիջապես կարգավորումներով կզսպենք։ Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ դեռևս 2024 թվականը կլինի լայնամասշտաբ արտոնության տարի, որից հետո կարգավորումներով բոլոր հարցերը կլուծենք»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: