շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԽ-ն շարունակում է աջակցել ՆԳՆ-ին․ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զարգացնում են կարողություններն ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում

ԵԽ-ն շարունակում է աջակցել ՆԳՆ-ին․ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զարգացնում են կարողություններն ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում

«Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 15-16-ը Ծաղկաձորում անցկացվել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի կողմից։

Բացման խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանն ու ՆԳ նախարարության ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը։

Էդգար Պետրոսյանն իր խոսքում անդրադարձել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման հիմնախնդիրներին և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Խոսելով թեմայի կարևորության մասին՝ նա ընդգծել է նմանօրինակ հանդիպումների անհրաժեշտությունը, ինչը լավ հնարավորություն է ամրապնդելու շահագրգիռ կողմերի կարողությունները։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանն իր ելույթում անդրադարձել է Ծրագրի շրջանակում իրավապահ մարմինների, ոլորտային մասնագետների հետ ունեցած քննարկումներին և համատեղ իրականացված աշխատանքներին։ Նա ընդգծել է պարբերաբար անցկացվող վերապատրաստումների կարևորությունը՝ նշելով նախորդ տարի ծառայողների հետ ունեցած դասընթացների արդյունավետության մասին։

Դասընթացի ընթացքում բանախոսները՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Զարուհի Մեժլումյանը ներկայացրել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության հիմնական պատճառները, անդրադարձել հետևանքներին ու ձևավորված կարծրատիպային ընկալումներին։

Երկօրյա վերապատրաստման ընթացքում խնդիրների վերացմանն ուղղված հարցերի շուրջ ծավալվել է առարկայական քննարկում:

  • Կիսվել: