ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ձմեռային զորակոչն այս տարի կսկսվի դեկտեմբերի 16-ից

Ձմեռային զորակոչն այս տարի կսկսվի դեկտեմբերի 16-ից

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը  նշեց, որ այս տարի զորակոչը կսկսվի մի փոքր ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ին, քանի որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ տեղի չի ունենում ոչ աշխատանքային օրերի հետ կապված:  Զորակոչային նախապատրաստական աշխատանքներն էլ կսկսվեն նոյեմբերի 14-ից:

Նա նաև հայտնեց, որ կսահմանվի զորակոչային  հանրապետական հանձնաժողովի կազմը, ինչպես նաև՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը:

Գաբրիել Բալայանը ևս մեկ նորություն հայտնեց. «Առաջարկել ենք և շնորհակալ ենք առողջապահության նախարարության մեր գործընկերներից, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախագահելու է ոչ թե զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը»:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին նշեց, որ  իրենք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմի հետ կապված մտահոգություն ունեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց  որոշումն ընդունել, իսկ երբ հանձնաժողովի անհատական կազմի հետ կապված համաձայնություն ձեռք կբերվի, ապա դրանից հետո որոշումն ուժի մեջ մտնի։

Գաբրիել Բալայանն էլ առաջարկեց, որ մինչև վարչապետի ստորագրման ներկայացնելը կաշխատեն և նոր տարբերակը կներկայացնեն:

 

 

  • Կիսվել: