հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ձմեռային սպասարկում իրականացնող ընկերություններն աշխատում են ամբողջ հզորությամբ

Ձմեռային սպասարկում իրականացնող ընկերություններն աշխատում են ամբողջ հզորությամբ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման մոնիթորինգի մասնագետները հունվարի 18-ից գործուղվել են ՀՀ մարզեր՝ հետևելու ճանապարհաշինական կազմակերպությունների կողմից միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների ընթացքին։
 
Ճանապարհաշինարարների՝ ճանապարհը մաքրող տեխնիկան և հերթապահ բրիգադներն աշխատում են 24-ժամյա հերթափոխով: Վերջիններս մշտապես հետևում են եղանակային կանխատեսումներին և ձյան տեղումների դեպքում պատրաստ են արագ արձագանքելու: Ձյունն արագ մաքրելու և ճանապարհը բաց պահելու համար ձմեռային սպասարկում իրականացնող ընկերություններն ապահովված են աղ-ավազի պաշարով, ինչպես նաև անհրաժեշտ մեքենամեխանիզմներով‚ որոնք աշխատում են ամբողջ հզորությամբ։
 
Նշենք‚ որ հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Արթիկի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Արմավիրի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի‚ Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ձյան առատ տեղումների պատճառով‚ անվտանգության նկատառումներից ելնելով և խցանումներից խուսափելու համար‚ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք Մեղրու տարածաշրջանի՝ Լիճքի խաչմերուկից մինչև Մեղրու սար կոչվող հատվածում երթևեկել բացառապես անվաշղթաներով։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին շուրջօրյա տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի 010 562533 թեժ գծին։

  • Կիսվել: