հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ձեզանից շատերն այժմ ԱԺ աշխատակիցներ են, որոնք բարձր արդյունավետությամբ են կատարում իրենց առջեւ դրված պարտականությունները. Ռուստամ Բաքոյան

Ձեզանից շատերն այժմ ԱԺ աշխատակիցներ են, որոնք բարձր արդյունավետությամբ են կատարում իրենց առջեւ դրված պարտականությունները. Ռուստամ Բաքոյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 27-ին հանդիպել է խորհրդարանում փորձաշրջան անցնող «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի» մասնակիցների հետ:

Պատգամավորը ծրագրի մասնակիցներին է ներկայացրել հանձնաժողովի աշխատանքը, գործառույթները, գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի կարեւորությունը:

Լինելով խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ՝ Ռուստամ Բաքոյանը խոսել է ՀՀ ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիական համայնքի հետ ունեցած հայ ժողովրդի բարեկամությանը, միջմշակութային կապերի ամրապնդմանը, փոխանակմանը, ինչպես նաեւ ազգային ինքնության պահպանմանն առնչվող հարցերի մասին:

Երիտասարդները հետաքրքվել են մի շարք, մասնավորապես, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց խնդիրներով, խտրական վերաբերմունքի դեմ պայքարի, ինչպես նաեւ եզդի ժողովրդի կյանքի սոցիալ-տնտեսական պայմաններով:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին՝ պատգամավորն ընդգծել է խնդիրների խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ խորհրդարանականներն անդամակցում են տարբեր միջազգային կառույցների, մշտապես բարձրաձայնում են մեր երկրին վերաբերող օրակարգային հարցերը: Ռուստամ Բաքոյանի տեղեկացմամբ շարունակաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ մարդու հիմնարար իրավունքների խախտումների դեմ: «Միջազգային գործընկերների հետ շարունակական աշխատանքներով եւ միացյալ ջանքերով կշարունակենք առաջընթաց արձանագրել թե՛ մարդասիրական խնդիրների կարգավորման, թե՛ տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ»,- փաստել է Ռուստամ Բաքոյանը:

Հանձնաժողովի փոխնախագահը երիտասարդ մասնագետներին հորդորել է մասնագիտական կարողություններն առավելագույնս ծառայեցնել ի շահ հայրենիքի, ապրել ազգային արժեքներով եւ ամեն ջանք գործադրել զորացնելու մեր պետությունը:

Արդեն մեկնարկել է «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ը: Հայաստանից ընտրված 15 երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանի գործունեությանը՝ աշխատելով խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, մշտական հանձնաժողովներում, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումներում:

Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում` Ազգային ժողովրդավարական ինստիտուտն Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ:

  • Կիսվել: