Դպրոցները՝ 1-11-րդ դասարանները ներառյալ, կգործեն նոր չափորոշչով․ ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարվանից դպրոցները՝ 1-11-րդ դասարանները ներառյալ, կգործեն նոր չափորոշչով: Նա հավելեց՝ նոր դասագրքերն այս տարվա մրցույթների արդյունքներով որակական մեծ փոփոխությունների են ենթարկվել՝ դառնալով «լավ դասագրքեր»:
«Այս երեք տարիների ընթացքում արդեն իսկ տպագրել ենք ավելի քան 220 դասագիրք»,-ասաց նախարարը և հավելեց. «Այս տարվա արդյունքներով մեր դասագրքերի շուրջ 45 տոկոսն այլընտրանք է ունեցել, ինչը նշանակում է, որ նույն առարկայի, նույն դասարանի դասագրքից ունեցել ենք երկու տարբեր գիրք, և ուսուցիչներն ունեցել են հնարավորություն՝ ընտրելու իրենց ավելի հարմար դասագիրքը: Սա նշանակում է, որ, իսկապես, հսկայական աշխատանք է արված, որը հնարավորություն է տվել մեր ուսուցչներին՝ ընտրելու նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մոտեցումներ»:
Նախարարը նկատեց, որ դասագրքերը ոչ միայն գիտելիքի և փաստերի, այլև մեթոդաբանական որոշակի հնարքների և շղթայի ամբողջություն են:
«Ունենք նոր Այբբենարաններ, և ուսուցման մեթոդներում կարող ենք տեսնել, որ նորություններ են առաջարկված: Շատ կարևոր են համարում, որ ժամանակային իմաստով դրանք քննարկված են ուսուցիչների հետ, որովհետև դասագրքերը էլեկտրոնային տարբերակով հասանելի են դարձել դեռևս մայիս-հունիսին ուսուցիչների համար, և ուսուցիչներն ունեցել են ժամանակ՝ ծանոթանալու, ընտրելու»,- ասաց նա:
Ամռան ընթացքում, ըստ նախարարի, դասագրքերի հեղինակների կողմից ակտիվ քննարկումներ են կազմակերպվել ուսուցիչների հետ, որոնք ուղղված են եղել այդ դասագրքերի առանձնահատկությունները ներկայացնելուն:
«Բոլոր դպրոցներն ունեն անհրաժեշտ դասագրքեր ուսուցումն իրականացնելու համար: Այս պահին արդեն դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է: 4 մարզերում դրանք կավարտվեն օգոստոսի 28-ին:
Սեպտեմբերի 1-ին մեզ ոչինչ չի խանգարելու, որպեսզի ուսումնական գործընթացն իրականացվի ըստ պատշաճի»,- ասաց նա:


