ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձեր ջանքերով է նաև, որ պիտի զորանա հույսը ապագայի հանդեպ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Կանանց տոնի առթիվ

Ձեր ջանքերով է նաև, որ պիտի զորանա հույսը ապագայի հանդեպ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Կանանց տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդաց։
 
Այսօր վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի ավանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական և պետական ու հասարակական կյանքում, գնահատելու նրանց ձեռքներումները կրթության, գիտության, առողջապահության և բազում այլ կարևոր բնագավառներում։
 
Մեր երկիրն այսօր դժվարություններ է կրում, դեռ հաղթահարված չեն պատերազմի ծանր հետևանքները և շատ հոգսեր ծանրացած են կանանց ուսերին, ովքեր համբերությամբ, նախանձախնդրությամբ և արիությամբհանձնառու են իրենց առաքելությանը։
 
Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, աղոթք ենք բարձրացնում ամենքիդ համար՝ հայցելով, որ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո քաջառողջ պահպանի ձեզ և հավատով ու սիրով լեցուն, որպեսզի նույն նվիրումով ծառայեք ձեր ընտանիքների ապահովությանն ու երջանկությանը և մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթացին։
 
Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը ապագայի հանդեպ,հասակ առնի ջերմ հավատքով, ազգասեր ու հայրենասեր ոգով սերունդ՝ անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին։
 
Թող Բարձրյալի շնորհով ձեր կյանքի և համայն մեր ժողովրդի ուղեկիցները լինեն խաղաղությունն ու բարօրությունը։ Ապրե՛ք առ Աստված ապավինությամբ և աղոթքը՝ մշտահունչ ձեր շուրթերին.
 
«Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, և այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ» (Սղմ. 105. 4)։
 
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն»:

 

  • Կիսվել: