Դիմակների պակասորդ կա, բայց դրանց չհիմնավորված բարձր գնով վաճառքի դեպքեր չեն արձանագրվել․ ՏՄՊՊՀ անդամ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այս օրերին ակտիվորեն ուսումնասիրում է բժշկական 4 պարագաների՝ ալկոգել, բժշկական ձեռնոցներ, էթիլային սպիրտ և դիմակներ, շուկայում իրավիճակը՝ գները և դրանց իրացման գործընթացը։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեց ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը։
«Այս ապրանքների շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում, որպեսզի այստեղ ևս սպեկուլյացիաներ ու նման երևույթներ չլինեն», -հավելեց նա։ Հարցին, թե ի՞նչ է պարզվում, կա՞ն խախտումներ, չարաշահումներ, Կարապետյանը արձագանքեց․ «Եթե լինեին, կարծում եմ, նկատած կլինեիք շուկայից։ Շուկաներում ընդհանուր վիճակը ստաբիլ է։ Միակ խնդիրը դիմակների պակասորդն է, որը համաշխարհային խնդիր է, բոլոր երկրներում էլ այդ խնդիրը կա։ Բայց գնի բարձրացում կամ դիմակների չհիմնավորված բարձր գնով վաճառքի դեպքեր չեն արձանագրվել»։



