Դիլիջանում տեղի է ունեցել Quanta ծրագրի ամառային դպրոցի փակման արարողությունը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Դիլիջանում տեղի է ունեցել Quanta ծրագրի ամառային դպրոցի փակման արարողությունը, որի ժամանակ հավաստագրեր է հանձնել մասնակիցներին:
«10 օր Հայաստանի 5 բուհերի 37 ուսանողներ կուտակեցին գիտելիքների մեծ պաշար և նախապատրաստվեցին սեպտեմբերին մեկնարկելիք մագիստրոսական կրթական ծրագրին:

Նշեմ, որ Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին կարող են դիմել ոչ միայն ամառային դպրոցին մասնակցած ուսանողները, այլև ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության և ՏՏ բնագավառում առնվազն բակալավրի որակավորում ստացած մասնագետները։
Շնորհավորելով մասնակիցներին՝ հույս հայտնեցի, որ այս ծրագրի շնորհիվ նրանք կկարողանան դառնալ այն մասնագետները, որոնց ներուժն ու փորձը կծառայի ի շահ Հայաստանի: «Իմ քայլը» հիմնադրամը ստեղծել է այդ հնարավորությունը, մնում է օգտվել դրանից և ուժերի առավելագույն չափով մղվել քվանտային աշխարհի բացահայտմանը:

Այդ գործում նրանց կօգնեն աշխարհի առաջադեմ բուհերի հայազգի գիտնականները, որոնք հրավիրվելու են Հայաստան: Մագիստրոսական կրթական ծրագիրը կտևի 1.5 տարի, և «Իմ քայլը» հիմնադրամը հոգացել է, որ ուսանողներն այս ճանապարհն անցնեն առանց ֆինանսական ծանրաբեռնվածության. նրանց կտրամադրի կրթաթոշակ»,- գրել է նա:
