շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիլիջանում շուտով կբացվի 360° իմերսիվ ներկայացումների Դիտարանը

Դիլիջանում շուտով կբացվի 360° իմերսիվ ներկայացումների Դիտարանը

Դիլիջանում շուտով կբացվի իր տեսակի մեջ եզակի 360° իմերսիվ ներկայացումների Դիտարանը։

Դիտարանը կգործի Դիլիջանի քաղաքային զբոսայգում և կդառնա Դիլիջանի այցեքարտերից մեկը՝ լինելով հետաքրքրիր ժամանցի վայր թե՛ երեխաների, և թե՛ մեծահասակների համար։

Դիտարան ծրագիրն իրականացվում է  Եվրաիությունը՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։

Դիտարանի նախագծի իրականացման ընթացքում կիրառվել են նորարարական տեխնոլոգիաներ, այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են ստեղծում ամբողջությամբ՝ 360° ընկղմվել ներկայացումների մեջ և  որակյալ ու հետաքրքիր բովանդակություն վայելել։

Դիտարանում հատկապես ցուցադրվելու են  edutainment (education+entertainment) ժանրի բարձրորակ ֆիլմեր, որոնց շարքում են, մասնավորապես, աշխարհահռչակ Դևիդ Ատենբորոյի «Ճախրող հրեշները» իմերսիվ ֆիլմը՝ նկարահանված «National Geographic»-ի ընկերության կողմից,  «Մենք աստղեր ենք» իմերսիվ- անիմացիոն ֆիլմը, որը հնչյունավորել է հոլիվուդյան աստղ, մեր հայրենակից Էնդի Սերկիսը։

Հայերեն հնչյունավորումն իրականացրել է սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը։

Ցուցադրվելու է նաև «Պատկերք» իմերսիվ ֆիլմը, որը հայ արվեստի ընտրանին է ներկայացնում՝ 5-րդ դարից մինչև մեր օրերը՝ սկսած Մատենադարանում պահվող մանրանկարներից, Անիի Հոնենց եկեղեցու որմնանկարներից մինչև Այվազովսկու և Սարյանի կտավները։ «Պատկերք»-ի ստեղծմանն աջակցել են Մատենադարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը և այլ հաստատություններ։

Դիտարանը հարթակ կդառնա նաև Հայաստանի և Սփյուռքի նկարիչների, ճարտարապետների, լուսանկարիչների, երաժիշտների և արվեստի այլ գործիչների ստեղծագործությունների նորարարական դիտումների և միջոցառումների համար։

Հարկ է նշել, որ Տավուշի մարզի դպրոցականների այցելությունը Դիտարանի անվճար է։

Դիտարան ծրագիրն իրականացվում է  ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Ծրագիրը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության մի մասն է:

  • Կիսվել: