Ինչ է կատարվում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում. Պարզաբանում է Երևանի քաղաքապետարանը
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանի հայտարարությունները այն մասին, որ ՀՈԱԿ-ի ղեկավարի նշանակման մրցույթի գործընթացում ակտիվ ներգրավվածություն ունի քաղաքապետ հայկ Մարությանի կինը` Իվա Մարությանը, և որ պաշտոնները այդ հիմնարկում բաշխվում են` խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով:
«Չեմ ուզում Բեգոյանի այդ հայտարարությունները կապել այն բազմամիլիոնանոց քրեական գործի հետ, որը առնչվում է նրա ղեկավարած հիմնարկի գործունեությանը (խոսքը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի մասին է, խմբ.)»,- նկատեց Կարապետյանը:
Նա նշեց, ոչ քաղաքապետի տիկինը` Իվա Մարությանը, լինելով մասնագիտությամբ էկոլոգ, անշուշտ հետաքրքրված է կանաչապատման և ընդհանրապես էկոլոգիական հարցերով, բայց դա բնավ չի նշանակում, որ նա խառնվում է քաղաքապետարանի գործառույթներին:
Ինչ վերաբերվում է բուն մրցույթին, ապա Կարապետյանը պարզաբանեց, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շատ լուրջ գործառույթներ ունի և բացի կանաչապատման հարցերից պետք է զբաղվի նաև կոշտ թափոնների կառավարման հարցերով: Առաջին մրցույթի արդյունքները վիճարկվել են դատարանով և հաշվի առնելով հիմնարկի գործառույթների կարևորությունը և աշխատանքների սեզոնայինությունը քաղաքապետը հրատապ կարգով ղեկավարի նոր մրցույթ է հայտարարել: Նշենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ընտրությունը տեղի է ունենալու այսօր մեկնարկած մրցույթի արդյունքներով: Այդ պաշտոնի համար երեք թեկնածու կա:
Ըստ մամուլի ամենահավանական թեկնածուն Հայկ Մարությանի կնոջ՝ Իվայի ընկերուհի Քրիստինա Վարդանյանն է։ Ավելի վաղ ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու մրցույթին, քանի որ իր եւ տիկին Մարությանի հարաբերությունները լարվել են։ Նա նշել էր, որ այդ մրցույթը հայտարարվել է օրենքի խախտումով․ «Էնտեղ գրված է, որ պետք է գնալ քաղաքապետարան՝ մրցույթի համար, պետք է տարվեն լուսանկար, փաստաթղթեր, որոնք պետք է ձեռք բերել, բայց կասե՞ք՝ արտակարգ այս իրավիճակի պայմաններում ֆոտոները չեն աշխատում, ո՞նց պետք է տանեմ, սա բոլորի անձի իրավունքի սահմանափակում է։ Արտակարգ իրավիճակի պայմաններում քաղաքապետի համար կարևորը Բեգոյանին աշխատանքից հանելն է»։ Հիշեցնենք, որ օրերս քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ, հայտնելով, որ Քաղաքապետարանի վերահսկողության վարչության ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրգործ 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացված 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրության արդյունքում:
Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Մասնավորապես, ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով, խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները, առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում, խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն: Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած առերեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Արդյունքում ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում…) հարուցվել է քրեական գործ: Նշված ժամանակահատվածում տվյալ ՀՈԱԿ-ը ղեկավարում էր Արմեն Բեգոյանը:


