ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Գալստյանի փաստաբանական խումբը դատարանին է ներկայացրել նրա կողմից մատակարարված հրթիռների որակի մասին անհերքելի ապացույցներ. փաստաբան

Դավիթ Գալստյանի փաստաբանական խումբը դատարանին է ներկայացրել նրա կողմից մատակարարված հրթիռների որակի մասին անհերքելի ապացույցներ. փաստաբան

Երեկ, Աջափնյակի նստավայրում տեղի է ունեցել զենքի մատակարարմամբ զբաղվող «Մոստոն էնջիներինգ» ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը երկարարցնելու միջնորդության քննարկումը։

Ինչպես InfoPort.am-ին փոխանցեց Գալստյանի փաստաբան՝ Արմեն Հարությունյանը, դատարանին և նախաքննական մարմնին պաշտպանական կողմը ներկայացրել է անհերքելի ապացույցներ, որով հաստատվում է, մեղադրանքի անհիմն լինելը։

«Դատարանին է ներկայացվել եվրոպական սպառազինության արտադրության մեջ մեծ փորձ ունեցող, հեղինակավոր մասնագետի գրավոր կարծիք։ Վերջինս մասնագիտորեն, հղում անելով մասնագիտական գրականությանը և համապատասխան իրավական ակտերին ներկայացրել է բոլոր հարցերի պատասխանները կապված խնդրո առարկա հթիռների հետ»,- պարզաբանեց փաստաբանը։ Նրա խոսքով` դատարանին է ներկայացվել նաև ՊՆ-ին ուղարկված հարցումների պատասխանները։

«Այս ապացույցներով հաստատվել են գործի օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ կարևոր տվյալներ։ Ամենակարևորը այն է, որ հաստատվել է, որ հրթիռները երբևէ որևէ խնդիր որակի հետ կապված չեն ունեցել։ Հուսով եմ դատարանները պատշաճ գնահատական կտան այս ապացույցներին։ Իհարկե հասկանում ենք, որ դա այդքան հեշտ չէ, դրա համար դատարանը պետք է լինի անկախ, անաչառ, չենթարկվի որևէ ճնշման և իրականացնի իրական արդարադատություն, այլ ոչ թե ստանձնի նախաքննության մարմինների ուզածը «պեչատող», առանց խորանալու գործի էության մեջ»,- շեշտեց Հարությունյանը։

Նշենք, որ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր։ Ինչպես նշեց փաստաբանը. «Սա մեր առաջին փորձն է նորաստեղծ դատարանում, նոր նշանակված դատավորի մոտ։ Տեսնենք»։

Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ԱԱԾ-ում քննվող ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել «շուկայականից բարձր գներով խոտան հրթիռներ» մատակարարելու համար:

  • Կիսվել: