Դավիթ և Միքայել Մինասյանների դասընկերներն ու ծնողներն ակցիա են իրականացրել ՆԳՆ–ի դիմաց (տեսանյութ)
Եկեղեցու միջադեպով ձերբակալված դպրոցականների դասընկերների ծնողներն այսօր ակցիա են իրականացրել Ներքին գործերի նախարարության դիմաց՝ ի աջակցություն տղաների։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ եւ Միքայել Մինասյանների պաշտպան Վարդուհի Էլբակյանը կրկին ընդգծել է, որ տղաներն ունեն կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին, ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:
Երբ վարչապետը դուրս էր գալիս եկեղեցուց մի քանի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետը բոլորին հանդարտեցրեց և հորդորեց մնալ տեղում:
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Քննչական կոմիտեից հայտնել են, որ 3 անձ ձերբակալվել է:


