երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցուցարարի գլուխ կոտրող ոստիկանը շարունակում է մնալ համակարգում.լրագրողը՝ փոխոստիկանապետին

Ցուցարարի գլուխ կոտրող ոստիկանը շարունակում է մնալ համակարգում.լրագրողը՝ փոխոստիկանապետին

2021թ ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1771, իսկ 2020թ՝ 1922 ծառայողական քննություն։ Կարգապահական տույժի է ենթարկվել 587 ծառայող, որոնցից 449-ը՝ ստացել է նկատողություն, 80-ը՝ խիստ նկատողություն, 15 ծառայողի պաշտոնային դրույքաչափ իջեցվել է մինչև 3 ամիս ժամկետով, 1 ծառայողի պաշտոն իջեցվել է 1 աստիճանով, մեկ ծառայողի կոչում իջեցվել է 1 աստիճանով, 41-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արա Ֆիդանյանը։

Նրա փոխանցմամբ՝ կարգապահական տույժի ենթարկվածներից 22-ը գլխավոր, 57-ը՝ ավագ, 352-ը՝ միջին, 138-ը՝ կրտսեր խմբում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն են, մեկը՝ կադրերի ռեզերվում գտնվող, 17-ը՝ կրթահամալիրում սովորողներ։

Դիտարկմանը, որ կառավարության դիմաց ոստիկանների գործողությունների արդյունքում դաշնակցական երիտասարդի գլուխ է կոտրվել, իսկ բոլորովին վերջերս՝ Մարիոթ հյուրանոցի մոտ բերման ենթարկված երիտասարդ աղջկա ձեռք է կոտրվել, սակայն այդ ծառայողները շարունակում են մնալ համակարգում՝ Ֆիդանյանը խուսափեց ըստ էության պատասխանելուց՝ նշելով, որ որտեղ առկա են ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքեր, տվյալ դեպքերով հարուցվում են քրեական գործեր, որոնց քննությունը ոստիկանությունում չի իրականացվում, պետք է դիմել համապատասխան մարմիններին։

Լրագրողի հարցապնդմանը՝ արդյո՞ք գլուխ կոտրող ոստիկանը շարունակում է մնալ համակարգում՝ Ֆիդանյանը կրկին խուսափեց պատասխանել՝ հորդորելով դիմել համապատասխան կառույցներին։

  • Կիսվել: