Մի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասին
Հարգելի՛ «Հետք» լրատավական, լավ ինչքա՞ն կարելի է: Նմանատիպ մոլորեցնող վերտառությամբ հոդված որ դնում եք, մյուսներն էլ կայծակնային արագությամբ տարածում են, ձեզ լավ ե՞ք զգում: Այս մասին գրել է Էջմիանի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
«Բարձր դիտելիություն և աղմկահարույց հերթական նյութ ունենալու համար առաջնային շահարկման եք դնում միայն մեկ փողոց, սակայն փաթեթում ներառված մյուս հատվածների մասին՝ Ա․ Մանուկյան 1-ին թաղամասի երեք փողոցներ եւ Չարենց թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի վերաբերյալ որևէ հիշատակում չեք անում, իսկ Սբ․ Մ․ Խորենացի փողոցի հիմնանորոգումը կրկին կապում եք Տերյան փողոցի հետ։
Հարգելինե՛րս, իսկ միգուցե նշե՞իք, որ համայնքերի սուբվենցիոն հայտերը ներկայացվում են նախապես՝ նախորդ տարի, իսկ քաղաքում շատ փողոցների փոսեր առաջացել են այս տարվա հորդառատ անձրևների հետևանքով: Կամ, հոդվածի մի հատվում նշում եք, թե «Փոխարենը համայնքային իշխանությունները չեն շտապել հիմնանորոգել քաղաքի Չարենցի, Անդրանիկի, Թումանյան, Պատկանյան ու բազմաթիվ այլ փողոցներ՝ բավարարվելով միայն փոսալցմամբ, որը մեկ սեզոնից ավելի կյանք չի ունեցել», հետո ինքներդ ձեզ մեկ այլ հատվածում հակասում, թե «2025թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախնական հայտ է ներկայացվել քաղաքի Ռ. Պատկանյան (450մ), Ս. Մանուկյան (260մ), Թումանյան (1028մ) և Բաղրամյան (525մ) փողոցների հիմնանորոգման վերաբերալ» (շնորհակալություն արդարության համար)։ Անդրանիկ թաղամասի ներքին փողոցներն արդեն ասֆալտապատվել են՝ 2023-2024 թվականին, Չարենց թաղամասում մեծ ծավալով աշխատանքներն ընթացքի մեջ են այս պահին (նույն սուբվենցիոն ծրագրով)։ Գուցե այս բոլոր փողոցներում և՞ս ընտանեկան լուրջ կապեր ունեմ և այլ բիզնեսներ եմ խթանում, որոնցից տեղյակ չեմ։
Խորենացի փողոցի մի հատվածը հիմնավորոգվել է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով, մյուս հատվածը հիմնանորոգվում է այժմ։ Փողոցը, այո, հատվում է Տերյան փողոցին, որը ներհամայնքային եւ միջհամայնքային առաջնային նշանակության ճանապարհ է։
Իմ գործունեության յոթ տարիների ընթացքում համայնքում ամբողջական ասֆալտապատումներ են կատարվել այնպիսի փողոցներում, որոնք կառուցման օրից եղել են հողապատ, սակայն այս հրապարակումն այդ մասին չէ։ Իմ աշխատանքի արդյունքը տեսել է շահառու բնակիչը։
Այս հրապարակումը լրագրողական անփութության և միտումնավոր կերպով ինձ անվանարկելու մասին է։ Իհարկե, բարձր դիտելիություն ձեռք բերելու տեսանկունից հիանալի մարտավարական քայլ է, բայց մարդկային և բարոյական տեսանկյունից՝ չեմ կարծում։
Եվ վերջապես, մի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք: Գնացել եմ, ընկերնե՜ր, գնացել, վազն անցեք, ձեր ուժն ու եռանդը ծառայեցրեք այլ «կոռուպցիոներների» փնտրտուքներին»,- գրել է նա: