երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023-ի 9 ամիսներին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,1 տոկոսով կամ 3193 դեպքով

2023-ի 9 ամիսներին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,1 տոկոսով կամ 3193 դեպքով

2023-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,1 տոկոսով կամ 3193 դեպքով: 2022 թվականի 9 ամիսներին այդ թիվը կազմել է 26489, այս տարվա 9 ամիսների ընթացքում՝ 29682, ինչը գլխավորապես պայմանավորված է առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, որի մասով 2294-ով ավելի դեպք է գրանցվել: Այդ մասին ԱԺ-ում 2024-ին պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

«29682 դեպքերի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 81,2 տոկոսը: Ընդ որում՝ ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 926 միավոր հրազեն՝ նախորդ տարվա 647-ի դիմաց»,- ասաց փոխոստիկանապետը:

Ըստ Ֆիդանյանի՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 346-ով, կաշառակերության մասով հայտնաբերված դեպքերի թիվը՝ 295-ով:

Աճի վրա ազդել են նաև ՀՀ-ում Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերի փոփոխությունները, համաձայն որոնց՝ հանկարծամահության դեպքերով ևս պետք է նախաձեռնվեն վարույթներ՝ սպանության հատկանիշներով: Աճն այս մասով 570 է:

Ըստ Ֆիդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման թվի զգալի աճը կապված է այդ աշխատանքներում առավել համակարգված և լայնամասշտաբ միջոցառումներով, քանի որ ընթացիկ տարին հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի:

  • Կիսվել: