Եվրախորհրդարանը հավանություն է տվել ՌԴ-ից և Բելառուսից գյուղմթերքի մաքսատուրքերի 50%-ով բարձրացմանը
Եվրախորհրդարանը հավանություն է տվել ՌԴ-ից և Բելառուսից գյուղմթերքի մաքսատուրքերի 50%-ով բարձրացմանը, հաղորդում է DW-ն։
Խոսքը մնացած մթերքների մասին է, որոնք մինչ այժմ ԵՄ որևէ մաքսատուրքով չէին հարկվում, դրանց թվում են՝ շաքարը, քացախը, ալյուրը և անասնակերը։
Այժմ որոշումը պետք է հաստատի ԵՄ Խորհուրդը։ Նոր օրենքի ընդունումից հետո ՌԴ-ից ամբողջ գյուղատնտեսական ներմուծումը կհարկվի Եվրամիության մաքսատուրքերով։
Եվրախորհրդարանականները նաև պաշտպանել են Ռուսաստանից և Բելառուսից պարարտանյութերի վրա 6,5 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումը, գումարած 2025-2026 թվականների ընթացքում տոննայի դիմաց 40-45 եվրոյի լրացուցիչ գանձումներ։ Մինչև 2028 թվականն այս մաքսատուրքերը կաճեն մինչև 430 եվրո մեկ տոննայի դիմաց։
Անցյալ տարի ԵՄ-ում ռուսաստանյան որոշ պարարտանյութերի ներմուծման ծավալները նույնիսկ աճել են։ Եվրահանձնաժողովն այս իրավիճակը ՌԴ-ից տնտեսական կախվածություն է անվանում և կարծում է, որ առանց իր միջամտության ԵՄ-ն կարող է խոցելի լինել Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշումների հարցում։