Չեմ կարծում, թե զրոյին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ. Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսի հաղթահարման փուլը շարունակվում է, կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ երեկվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին վերջին մի քանի շաբաթներին խոսում են։
«Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-ից 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված դեպքերը։ Այն տրամաբանությունը որ մենք նշում ենք՝ ռեալ հնարավարություն ունենք այս թվերն իջեցնելու մնում է ուժի մեջ։ Դրանից բխող ունենք նաեւ բավական թեթեւ վիճակ հիվանդանոցային համակարգում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող։ Նվազել է ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների թիվը, որը տատանվում է 300-ի շրջանակներում, այս իջեցման միտումը նույնպես պահպանվում է։ Ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում ռեանիմացիաներում»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ հաղթահարման փուլը շարունակվում է. կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են. «Իհարկե ես չեմ կարծում, թե զրոյին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ: 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի, քանի որ շատ դժվար է լինելու հասնել զրոյին միայն կանոնները պահելով»: