ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Չեմ եկել Հայաստան լուսանկարվելու համար, այլ արցախցիներին երկարատև աջակցություն ցուցաբերելու համար». Յուրի Ջորկաեֆ (տեսանյութ)

«Չեմ եկել Հայաստան լուսանկարվելու համար, այլ արցախցիներին երկարատև աջակցություն ցուցաբերելու համար». Յուրի Ջորկաեֆ (տեսանյութ)

Պատերազմական ծանր օրերից հետո ամենակարևորը վերքերի բուժումն է: Առաջին օգնությունը ամենաանհրաժեշտն է, քանի որ այն նախևառաջ, ոգին է բարձրացնում: 44 օր հայերն իրենց լքված են զգացել․ այս համոզմունքն է հայտնել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը՝ «Մենք հայ ենք» մարդասիրական բարեգործական հիմնադրամ կատարած այցի ընթացքում:

«Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինձ խնդրեց բարի կամքի դեսպան լինել՝ հայերին աջակցելու համար և գալ Հայաստան, անմիջապես համաձայնեցի ու ոչ թե այստեղ գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար, այլ որ երկարատև նպաստ բերեմ: Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ Ֆրանսիայի և ֆրանսիացիների աջակցման կարիքն ունի»- ասել է Ջորկաեֆը:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը եղբոր՝ ֆրանսայի Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆի հետ է այցելել «Մենք հայ ենք» հիմնադրամ, որտեղ կամավորականների շարքում է նաև նրանց զարմիկը: Նա մոտ 30 ծագումով հայ ֆրանսիացի երիտասարդների հետ արդեն մեկ ամիս է՝ կամավորական աշխատանքներին է մասնակցում Հայաստանում և փորձում ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող արցախցի ընտանիքներին:

Վիրավոր Արցախի ապագայով մտահոգված երիտասարդներից է նաև Ստեֆանի Կարոիանը: Tert.am-ի հետ զրույցում նա ասել է, որ թեև միայն մայրն է հայ, բայց հոր սիրտն է հայկական: 26-ամյա աղջիկն ինքն է հոգացել ինքնաթիռի ծախսը, ընկերների հավաքել է անհրաժեշտ իրեր ու ճամպրուկով բերել Հայաստան:

«Մենք Ֆրանսիայում ձեռքերը ծալած չէինք կարող նստել: Հավաքվեցինք Ալֆորվիլի մշակույթի տանը, խումբ կազմեցինք ու գործի անցանք: Այստեղ՝ Հայաստանում, ավելի շատ զգացի հայ լինելս ու ամուր կապվեցի արմատներիս»,-ասել է նա:

 

  • Կիսվել: