շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել և բախվել մայթեզրին գտնվող ծառին ու քարե պարսպին

Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել և բախվել մայթեզրին գտնվող ծառին ու քարե պարսպին

Նոյեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի «Հաստոցաշինարարական գործարան»-ի մոտ վթարի հետևանքով իրենց մոտ մահացած վիճակում անհայտ քաղաքացի են տեղափոխել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Սերյոժա Սարուխանյանն է: 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը, որտեղ ոստիկաններին և քննիչներին Ս. Սարուխանյանի հարազատները հայտնել են, որ նույն օրը ժամը 07:55-ի սահմաններում Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս Չարենցավան քաղաքի Շինարարների փողոցում Ս. Սարուխանյանը հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով ավտոմեքենան բախվել է մայթեզրին գտնվող ծառին ու քարե պարսպին: 

Դեպքի փաստով Ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Չարենցավանի քննչական բաժին:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Չարենցավանի ոստիկանները և քննիչները հայտնաբերել են նաև դեպքի վայրն ու վթարված ГАЗель-ը: 

  • Կիսվել: