ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի հուշ-ձեռնարկ` Կիևում

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի հուշ-ձեռնարկ` Կիևում

Դեկտեմբերի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաքի հայկական խաչքարի մոտ առաջին անգամ կայացել է հուշ-ձեռնարկ՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։ Այս օրն այդպիսին է հռչակվել ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ։

1948 թվականին, նույն օրը, իրավագետ Ռաֆայել Լեմկինի ջանքերով, որը նաև «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է, ընդունվել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, հուշ-ձեռնարկը տերունական աղոթքով է բացել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ուկրաինահայության հոգևոր առաջնորդը խոսել է նաև դեկտեմբերի 9-ի խորհուրդի, դրա՝ ամբողջ աշխարհի համար մեծ նշանակության մասին։

Այնուհետև ելույթով հանդես է եկել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկայացրել է ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունման պատմությունը և նշանակությունը, որն արդիական է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի համատեքստում։

Դեսպանի առաջարկով՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության, 1988թ․ Սպիտակի երկրաշարժի և Արցախյան երկու պարերազմներում զոհված հայորդիների և հայ ժողովրդի բարեկամների հիշատակը։

Սրբազան Հայրն առաջարկել է, որպեսզի դեկտեմբերի 9-ի ձեռնարկները պարբերական դառնան։ Նա նաև շնորհակալություն է հայտնել գործարար Արայիկ Խաչատրյանին՝ չորս տարի առաջ Կիևի կենտրոնում գեղաքանդակ խաչքարը տեղադրելու համար։

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, մի խումբ ուկրաինահայեր և ուկրաինացի բարեկամներ։

 

  • Կիսվել: