Բժշկության ոլորտի մագիստրոսական կրթական ծրագիր՝ Բոստոնի համալսարանի հետ համատեղ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է առողջապահության ոլորտի մասնագետների կրթության (Health Professions Education, HPE) զարգացմանն ուղղված ծրագրի բացման միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են առողջապահության ոլորտի մասնագետների կրթության (HPE) հայեցակարգը և մագիստրոսական նոր ծրագիրը (MSHPE), որն իրականացվում է ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործությամբ՝ ՀԵՆԱՐ հիմնադրամի և Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավեդիսյան բժշկական դպրոցի (BUCASM) հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է խթանել հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության զարգացմանն ուղղված բարեփոխումները՝ համատեղելով ազգային և միջազգային փորձը։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է բժշկական կրթության որակի և համակարգային բարեփոխմանն ուղղված նախաձեռնությունը:
«ՀՀ-ում ընթացող բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների համատեքստում բուհերի մրցունակության բարձրացումը կարևոր թիրախ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության համակարգում բժշկական կրթական ծրագրերն ամենագրավիչն են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ուսանողների շրջանում:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Կրթության ռազմավարությամբ սահմանված՝ օտարերկրյա ուսանողների առնվազն կրկնապատկման թիրախի համար կրթության որակի բարելավումն առաջնային խնդիր է. «Կրթության համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել՝ առանց համագործակցության, միջազգային կապերի և փորձի համադրման: Խնդիրների լուծման ճանապարհն այդ փորձն ուսումնասիրելն ու մեկը մյուսից սովորելն է՝ դրանք տեղի կարիքներին համապատասխանեցնելու և, ըստ անհրաժեշտության, կիրառելու միջոցով: Միայն այսպես կարող ենք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին արագ արձագանքել ու առաջ գնալ»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ բժշկության ոլորտի մասնագիտական զարգացման նոր ծրագիրը դիտարկում է նշված համատեքստում:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ծրագրի համագործակցային բնույթը ոչ միայն միջազգային գործընկերների, այլև տեղի կառույցների միջև՝ հատկապես ակադեմիական քաղաքի համատեքստում:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը, Բոստոնի համալսարան–Հայաստան բժշկական համագործակցության տնօրեն դոկտոր Արամ Կալիգյանը և այլք:
Միջոցառումը կծառայի որպես բաց հարթակ հետդիպլոմային բժշկական կրթության վերաբերյալ քննարկումների և ներկայացումների համար՝ բարեփոխումների համատեքստում ընդգծելով կրթական ծրագրերի մշակման կարևորությունը:
Միջոցառման ընթացքում ծավալվել է քննարկում Հայաստանում ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ՝ դրանցում կարևորելով ոլորտային ռազմավարություններով նախանշված առաջնահերթությունների արտացոլումը և միջոլորտային համագործակցությունը։ Շեշտվել է, որ նմանօրինակ կրթական նախաձեռնությունները կենսական նշանակություն ունեն առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման առումով։
Երկօրյա միջոցառումը կամփոփվի գործնական ուսուցմամբ՝ շեշտը դնելով HPE-ի դասավանդման և մեթոդաբանության առանձնահատկությունների վրա: