երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բուժաշխատողների վերապատրաստման դասընթացները կարող են վճարովի լինել․ Անահիտ Ավանեսյան

Բուժաշխատողների վերապատրաստման դասընթացները կարող են վճարովի լինել․ Անահիտ Ավանեսյան

Բուժաշխատողների թեստավորումը կլինի անվճար, իսկ վկայական ստանալու դասընթացներին մասնակցությունը կարող է վճարովի լինել։ Փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա պարզաբանեց, որ կրթություն ստանալու համար պետք է նաեւ գումար ծախսել։

«Թեստավորումների համար որևէ գումար չեն վճարելու, դա իրականացվելու է անվճար, բայց հավաստագրման համար կրեդիտավորված կուրսերին մասնակցությունը երկու ճանապարհով է լինում՝ կամ ասոցիացիաներն են կազմակերպում՝ վճարովի ևանվճար հիմունքներով,կամ պետական միջոցներով են իրականացվում որոշակի դասընթացներ,որոնք անվճար են»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բուժաշխատողների վերապատրաստման մասին հարցին՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով մարզերում աշխատող բուժաշխատողներին՝ նախարարը նշեց. «Բացի դրանից մենք ունենք մեր մարզերի մասնագետների համար նաև որոշակի փոխհատուցման մեխանիզմներ, որ եթե կարիք են ունենում վերապատրաստման, ապա պետության հաշվին դա ևս իրականացվում է: Մենք ունենք բազմաթիվ բուժքույրներ, բժիշկներ Սյունիքի, Գեղարքունիքի մարզից, որոնք անվճար անցել են տվյալ դասընթացները և ստացել են հավաստագրեր: Հիմնական պետական աջակցությունը վերաբերում է մարզային բուժաշխատողներին, որովհետև թե՛ հասանելիությունն ապահովելու համար, թե՛ որակ ապահովելու համար մեր ուշադրությունը սևեռում ենք նրանց վրա: Այն մասնագետները, որոնք ունեն իրենց մասնագիտական գիտելիքները բավարարելու անհրաժեշտություն, պետք է նաև որոշ գումար ծախսեն դասընթացներին մասնակցելու համար»:  

Պատասխանելով հարցին, թե ինչու են հիվանդներից օրական 100 հազար դրամ պահանջում վերակենդանացման բաժանմունքում գտնվելու համար, նախարարն ասաց, որ պետպատվերը չի ծածկում բուժծառայությունների բոլոր ծախսերը։

«Եթե հիվանդը սոցիալական խմբի կամ պետպատվերի շահառու չէ, ապա որոշակի օրերից հետո ծառայությունը մատուցվում է վճարովի հիմունքներով։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Տարբեր բժշկական կենտրոններ տարբեր գներ ունեն»,- ասաց Ավանեսյանը։

Պատասխանելով Արսեն Թորոսյանի ժամանակ նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին հարցին՝ Ավանեսյանն ասաց, որ իրեն հարցաքննության չեն հրավիրել։

  • Կիսվել: