հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Բուժաշխատողի օրն այս տարի նշվելու է «Շնորհակալությո՜ւն, բժիշկ» խորագրի ներքո

Բուժաշխատողի օրն այս տարի նշվելու է «Շնորհակալությո՜ւն, բժիշկ» խորագրի ներքո

Առողջապահության նախարարության և «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ հունիսի 21-ին Բուժաշխատողի օրվա շրջանակում պետական մակարդակով և մեծ հանդիսությամբ կանցկացվի «Շնորհակալությո՜ւն, բժիշկ» խորագրով միջոցառում, որը նպատակ ունի արժևորելու և գնահատելու բուժաշխատողների անձնվեր աշխատանքը։ 

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Տոնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 21-ին, ժամը 12:00-ին Գյումրու երկաթուղային կայարանում, ուր կժամանի առողջապահության նախարարին և հյուրերին Երևանից Գյումրի տեղափոխող հատուկ չվերթով եկած գնացքը: 

Քաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն մշակութային և մարզական մի շարք միջոցառումներ։ Այնուհետև Գյումրիի Դրամատիկական թատրոնի շենքում կկազմակերպվեն սեղանի խաղեր, իսկ ամբողջ օրվա ընթացքում հյուրերն ազատ մուտք կունենան Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններ և Ասլամազյան քույրերի պատկերասրահ։ 

Միջոցառման հիմնական մասը կկայանա Վարդանանց հրապարակում՝ ժամը 17:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ընթացքում տեղի կունենա «Շնորհակալությո՜ւն, բժիշկ» մրցանակաբաշխությունը և հատուկ պարգևների կարժանանան առողջապահության ոլորտում մեծ ներդրում ունեցած մասնագետները։ Միջոցառումը կուղեկցվի Գյումրու պետական նվագախմբի կատարումներով, իսկ երեկոն կեզրափակվի սիրված «Ռեինկարնացիա» խմբի համերգով։ Հանդիսությանը ներկա կգտնվեն ՀՀ առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև` պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, ոլորտի առաջատար մասնագետներ, բժիշկներ և մշակութային գործիչներ։  

 

  • Կիսվել: