երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Բուհերում կրթական ծրագրերն ունեն բարելավումների շատ մեծ ճակատ. ՈԱԱԿ-ի գրասենյակում կայացավ միջազգային աշխատաժողով

Բուհերում կրթական ծրագրերն ունեն բարելավումների շատ մեծ ճակատ. ՈԱԱԿ-ի գրասենյակում կայացավ միջազգային աշխատաժողով

Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) գրասենյակում տեղի ունեցավ միջազգային աշխատաժողով՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի փորձագետների և Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ։  

Կրթական ծրագրերի նախահավատարմագրումը ներառված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում։ Այն նպատակ ունի գնահատել նոր ներդրվող կամ փոփոխված կրթական ծրագրերի համապատասխանությունը որակի պահանջներին՝ դրանք գործարկելուց առաջ։   

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ասաց, որ կառույցն աշխատում է շուրջ 15 տարի, և արդեն կան շոշափելի արդյունքներ՝ ունենալով որոշակի ազդեցություն կրթական համակարգի վրա։

«Այսօր արդեն ավելի շատ կարելի է վստահել համալսարաններին, որովհետև նրանք ձեռք են բերել որոշակի մշակույթ։ Վստահում ենք ինստիտուցիոնալ մակարդակում միջկառավարման մեխանիզմներին, բայցևայնպես, այսօր կա մեգախնդիր։ Դա կրթական ծրագրերի արդյունավետությունն է, որովհետև ուսանողներն ավարտելուց հետո ոչ միշտ են գտնում հարմար աշխատանք։ Գուցե, շուկան է փոքր, և որոշ մասնագիտությունների առումով ունենք ուսանողների գերարտադրություն, այսինքն՝ շրջանավարտներն ավելի շատ են, քան պահանջվում է։ Դրան հակառակ կան նաև որոշ տիրույթներ, որտեղ նկատելի է թերարտադրություն։ Կրթական ծրագրերում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, ուստի այդտեղ ոչ միայն վստահության, այլև արդյունավետության հարցն է»,- ասաց Թոփչյանը։

Նա հավելեց, որ կառույցը փորձում է գտնել խնդրահարույց հարցերի լուծումները և համոզմունք հայտնեց, որ կրթական ծրագրերի նախահավատարմագրումը կլինի օգտակար գործողություն, քանի որ պատահական ծրագրեր այլևս չեն մտնի համակարգ։

«Հաճախ բուհերում ընդգրկվել են ծրագրեր, որոնց նրանք պատրաստ չեն եղել։ Այդ անպատրաստվածության պատճառով ծրագրերը նրանց մոտ այդքան էլ արդյունավետ չեն, դրա համար էլ այս գործընթացի նպատակը նախապատրաստվածության ստուգումն է և ելքի արդյունավետության ապահովագրումը։ Դա, իհարկե, կարևոր նախապայման է, ընթացիկ աշխատանքը պետք է նորից կատարվի, մշտադիտարկումները պետք է արվեն, որից հետո պետք է լինի հավատարմագրում։ Ուղղակի ուսանողն այս պարագայում ավելի ապահովված է մտնում այն ծրագրերի տիրույթ, որոնք նոր են»,- ասաց Թոփչյանը։

ՈԱԱԿ տնօրենի կարծիքով՝ բուհերի ինքնավարությունը լիովին անկախություն չէ, այլ ենթադրում է հաշվետվողականություն, որովհետև բուհը կարող է լինել ինքնավար, ինքնուրույն որոշի, թե ինչ ծրագրեր է իրականացնելու, բայց հաշվետվողականությունը շատ կարևոր է, քանզի շատ հնարավոր է, որ շահագրգիռ կողմերը նույն կերպ չնայեն խնդրահարույց հարցերին։ 

«Բուհը, բնականաբար, շատ ուսանողների կարիք ունի, որպեսզի ֆինանսապես լինի ավելի պատրաստ, և այդ նպատակով կարող է բացել նոր ծրագրեր, որպեսզի ունենա ավելի մեծ թվով ուսանողներ ընդունելու հնարավորություն, բայց ուսանողների ապագան պետք է բուհերին ստիպի հաշվետու լինել հասարակության առջև։ Այդ մեխանիզմն էլ հենց կրթական ծրագրերի նախահավատարմագրումն է։ Ընթացքում բուհերը պետք է ցույց տան, որ իսկապես ինքնավար են եղել, արել են այն, ինչ նպատակահարմար են գտել, բայցևայնպես, պետք է լինեն հաշվետու։ Հավատարմագրումն էլ ստուգում է հենց այդ բաղադրիչը, այսինքն՝ բուհերի որոշումները պետք է մեր կողմից ստուգվեն հաշվետվողականության սխեմայով»,- պարզաբանեց Թոփչյանը։     

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ Վաչե Գաբրիելյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կրթական ծրագրերի նախահավատարմագրման գաղափարն ունի տարբեր կիրառումներ տարբեր երկրներում։

«Հիմնական խնդիրը հետևյալն է. դուք ունեք լիցենզավորում, որը տնտեսական գործունեության տրամաբանությամբ է, և ունեք հավատարմագրում, որից հետո արդեն որակի ստուգումն է կարևորվում։ Քանի որ կրթությունը կարևոր և բարդ ծառայություն է, ապա այն նախապես` լիցենզավորումից առաջ, պետք է ունենա նաև որակի ստուգման ֆիլտր։ Այսօրվա քննարկման թեման հենց դա է։ Մոդելներն անգամ եվրոպական համակարգում, որի անդամ ենք մենք, տարբերվում են։ Երկրները գտնվում են իրենց զարգացման տարբեր փուլերում, որոնք վերաբերում են բուհերի զարգացվածությանը, ինքնավարությանը, ներքին կարողությունների կուտակմանը, որոնց շնորհիվ բուհերը կարող են որակի պատշաճ մակարդակ ապահովել։ Դրանից ելնելով՝ երկրներն ունեն տարբեր մոտեցումներ»,- ասաց Գաբրիելյանը։

Նրա դիտարկմամբ՝ մոտեցումները կախված են նաև այն հանգամանքից, թե տվյալ երկիրն արդյոք ցանկանո՞ւմ է սահմանափակել նոր բուհերի մուտքը, թե՞ փորձում է խնդիրը կարգավորել այլ ճանապարհով։

«Ամենակարևորը որակի ապահովման ենթակառուցվածքների տարածվածությունն է և համապատասխան տվյալներով ապահովումը։ Մենք ունենք բազմաթիվ գործոններ, բայց էականը լիցենզավորումից առաջ, որն ավելի շատ կենտրոնացած է իրավական հարցի վրա, գործընթացի մեջ նաև կրթության որակի չափանիշների նախապես ներառումն է։ Արտասահմանցի փորձագետների հետ քննարկումների ժամանակ մենք կարևորեցինք մոտեցումները և հասկացանք դրանց առավելություններն ու թերությունները, ինչպես նաև այն սահմանափակումները, որ կան կոնկրետ երկրներում դրանք կիրառելիս, և որ դրանք պետք է դիտարկվեն շատ ավելի լայն համակարգում, այլ ոչ թե մեխանիկաբար, ընդամենը որպես մի գործողություն»,- ասաց Գաբրիելյանը։  

Նա կարևորեց նաև այն պայմանները, որոնք անհրաժեշտ են ամբողջական համակարգի սերտ ու ներդաշնակ աշխատանքի համար, հետևաբար այդ հարցում եվրոպական փորձի հետ ծանոթանալը շատ օգտակար է։ Ըստ նրա՝ օրենքի նախագծման տրամաբանության շրջանակում արտասահմանցի փորձագետների կարծիքները լսելը նույնպես կարևոր տեղեկատվություն է։

«Մեր կառույցն օրինաստեղծ նախաձեռնություն չունի, պարզապես մենք եղած չափանիշներին համապատասխանությունն ենք դատում։ Այդ տեսանկյունից լինում են քննարկումներ զուտ իրավիճակի գնահատման առումով։ Բուհերում կրթական ծրագրերն ունեն բարելավումների շատ մեծ ճակատ, բայց այնպես չէ, որ մենք նորմալ գործող ծրագրեր չունենք։ Պարզապես ընդհանուր ինստիտուցիոնալ հավատարմագրման տեսակետից բարելավումների մեծ տեղ կա»,- եզրափակեց Գաբրիելյանը։  

Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամի բաժնի ղեկավար Ալմանտաս Շերպատաուսկասը նշեց, որ իրենց համար ամենաէական հարցն այն է, թե ինչպիսի կարիքներ ունի ՈԱԱԿ-ը, քանի որ նոր օրենքում լինելու է համապատասխան կետ կրթական ծրագրերի նախահավատարմագրման վերաբերյալ։  

«Մենք կներկայացնենք մեր փորձը։ Լիտվայում գործընթացը սկսվել է 2020 թվականից, այս ողջ ժամանակահատվածում նոր կրթական ծրագրերը հավատարմագրվել են, և մենք վստահ ենք, որ մեր բուհերն այժմ պատրաստ են ապահովել բարձր որակ։ Պարոն Թոփչյանի հետ քննարկումից հետո պարզ դարձավ, որ կան որոշակի խնդիրներ՝ կապված պարտադիր ծրագրային հավատարմագրման հետ։ Երբ 2022 թվականին Հայաստանում էի, համապատասխան օրենքն արդեն քննարկումների փուլում էր։ Հասկանում եմ, որ գործընթացը տևական է, բայց պարտադիր ծրագրային հավատարմագրումն ինքնին շատ կարևոր քայլ է»,- ասաց Շերպատաուսկասը։        

Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության ավագ մասնագետ Միշել Վերան իր հերթին նշեց, որ իրենց երկրում հենց ուսանողներն են ցանկանում, որպեսզի լինի կրթական ծրագրերի հավատարմագրում, որովհետև այդ կերպ է միայն ապահովվում ծրագրերի որակը։ 

«Նիդեռլանդներում այդ պրակտիկան գործում է վաղուց, և մենք տեսնում ենք, որ Հայաստանն էլ գնում է նույն ճանապարհով՝ գիտակցելով պարտադիր բաղադրիչի կարևորությունը։ Բուհերը պետք է կատարեն ինքնավերլուծություն, նշանակվեն փորձագետներ, որպեսզի ուսումնասիրություններից հետո հայտնեն կարծիքներ։ Այդ տեսանկյունից կարևոր է, թե ինչպես են բուհերը պլանավորում իրենց աշխատանքը։ Ուրախ ենք, որ ՈԱԱԿ-ը ստանձնել է նախահավատարմագրման գործընթացը և պատրաստ ենք մեր փորձը փոխանցել հայ գործընկերներին»,- նշեց Վերան։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նախահավատարմագրման միջազգային փորձը՝ որպես գործիք նոր կամ վերանայված կրթական ծրագրերի որակը գործարկումից առաջ գնահատելու համար, քննարկվեցին գործընթացի հիմնական փուլերը, գնահատման չափանիշները, ինչպես նաև դրանց փոխկապակցվածությունը ծրագրերի լիցենզավորման կարգի հետ, դիտարկվեցին մասնագիտության կրթական ծրագրերի ներքին աուդիտի իրականացման միջազգային փորձն ու չափանիշները, ինչպես նաև հավատարմագրումից հետո որակի շարունակական բարելավման խթանման մեխանիզմները։ 

Ներկայում ՄԿԾ-ների ներքին աուդիտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար պարտադիր գործընթաց է՝ սահմանված ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովի որոշումներով։   

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1218902?fbclid=IwY2xjawKFh9pleHRuA2FlbQIxMABicmlkETFib2JqbHUweklzY1BVYWZ5AR7NnX8tnCYk-N-pdY0_25rn2LvT80Mv24w2u18Rk9qZDy3UB0QUpnVWNgouiA_aem_Aq0c1UXzkhojeWYcdIlPrg

  • Կիսվել: