հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բնապահպանության նախկին նախարարի գործը քննվում է առանց նրա ներկայության․ «Հրապարակ»

Բնապահպանության նախկին նախարարի գործը քննվում է առանց նրա ներկայության․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ Բուլկի Արամին առաջադրված մեղադրանք, հունիսի 6-ին ուղարկվել է դատարան եւ մակագրվել հակակոռուպցիոնի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Այս գործով 2 դատական նիստ է տեղի ունեցել, առաջինը կայացել է հոկտեմբերի 9-ին, երկրորդը՝ նոյեմբերի 16-ին։ Գործով որպես մեղադրյալներ են անցնում Գագիկ Կարապետյանն ու Սուրեն Ավագյանը։ Արամ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանից ենթադրյալ կաշառք վերցնելու դեպքի հետ, ըստ մեղադրական եզրակացության՝ Հարությունյանը Համբարձումյանից 14 հազար դոլար կաշառք է պահանջել՝ նրան հանքարդյունաբերության լիցենզիա տրամադրելու համար։ Արամ Հարությունյանի նկատմամբ, հիշեցնենք, միջազգային հետախուզում էր հայտարարվել, այժմ գործը քննվում է նրա բացակայության պայմաններում։ Մեզ հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը նման հնարավորություն տալիս է։ «Նոր օրենքի համաձայն՝ հեռակա վարույթով են անում»,- ասաց նա։

Պաշտպանին հարցրինք, թե այս ընթացքում Հարությունյանն իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում արտահայտե՞լ է, Սարգսյանն ասաց, որ չի կարող ասել: Իսկ անցյալում բնապահպանության նախկին նախարարն ասել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Նշենք նաեւ, որ այս քրեական վարույթին զուգահեռ կա նաեւ քաղաքացիական վարույթ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում, որով դատախազությունը ցանկանում է բռնագանձել վերջինիս պատկանող հետեւյալ գույքերը․

Երեւանի Ղ․ Փարպեցու փողոցի 17շ․, թիվ 11 բնակարանի 95․1%-ը, անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 95․1%-ը՝ 59 մլն 249 հազար 249 դրամը։
Երեւանի Դ․ Անհաղթի փողոց, թիվ 10/1 գույքի 7/8 մասի 97․81 %-ը, անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 97․81 %-ը՝ 1 մլրդ 612 մլն 8 հազար 444 դրամը։
Երեւան, Բայրոնի փողոց, 3/14 բնակարանն ամբողջությամբ, անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 264 մլն 630 հազար դրամը։
Երեւան, Բայրոնի փողոց, 3/25 ավտոկանգառն ամբողջությամբ,  անհնարինության դեպքում բռնագանձել 21 մլն դրամ։
Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում գտնվող 0,25 հա հողամասի 54․47%-ը։
Դիլիջանում գտնվող 0,8 հա հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 62 մլն 725 հազար դրամը։
«Ինկոմսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 94․23 %-ը, այսինքն՝ 313․8 բաժնետոմս։
«Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ում մասնակցության 96․93%-ը, այսինքն՝ 3․947 բաժնետոմս։
«Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում մասնակցության 99․972%-ը, այսինքն՝ 14․420 բաժնետոմս։
8 մլն դոլարին համարժեք 3 մլրդ 962 մլն 560 հազար դրամ։
1 մլն 661 հազար 638 դոլար ավանդը։
275 մլն 600 հազար 897 դրամ՝ որպես ոչ օրինական եկամուտներից չօգտագործված մաս։
198 մլն 590 հազար դոլարին համարժեք 98 մլն 365 հազար 598 դրամ, որպես ոչ օրինական եկամուտներից ավանդ ներդրված, ապա՝ կանխիկացված գումար։
55 մլն 278 հազար 804 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխումից ստացված դրամական տեսքով գույք։
272 մլն 975 հազար 855 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։

 

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: