ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բալային համակարգի ներդրումից հետո որևէ անձ դեռ չի զրկվել վարորդական իրավունքից

Բալային համակարգի ներդրումից հետո որևէ անձ դեռ չի զրկվել վարորդական իրավունքից

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից հետո տուգանային միավորների կիրառմամբ դեռևս որևէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«1695 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 6 ամիս ժամկետով»,- հայտնեցին վարչությունից։

Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվել ճանապարհային երթևեկության կանոնները բալային համակարգով ներդրված նորամուծություններին հարմարեցնելու ուղղությամբ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ ճանապարհային երթևեկության կանոնները տուգանային միավորների համակարգով ներդրված նորամուծություններին հարմարեցնելու անհրաժեշտություն չի առաջացել:

2020 թվականի 11 ամիսների ընթացքում տեսախցիկներով և արագաչափերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացվել է 1 219 448 որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է 171 673-ով կամ 12.3 տոկոսով։

  • Կիսվել: