ԱԺ-ում քննարկվում է գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու նախագիծը. Սուրեն Պապիկյանը չի մասնակցում՝ վատառողջ է
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվում է գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նախագծի քննարկմանը մասնակցում է ոչ թե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այլ՝ փոխնախարար Արման Սարգսյանը։
«Վերջին շրջանում պաշտպանության նախարարը վատառողջ է, առողջական խնդիրը սուր էր»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քորարյանը։
Պատգամավորն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։
ՊՆ-ն քննարկել է Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել։
«Ձևակերպվել են հետևյալ առաջարկները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»,- ասել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։
«Պաշտպանության մասին» օրենքում կնախատեսվի մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամային պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։