երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ում մոտ $300,000-ի նախատոնական պարգևատրումներ են ստացել

ԱԺ-ում մոտ $300,000-ի նախատոնական պարգևատրումներ են ստացել

Գրեթե 300,000 դոլարի նախատոնական պարգևատրումներ են արվել Ազգային ժողովում։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է և պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմին ու աշխատակիցներին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հավելավճարները եղել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, պարգևատրվել է մոտ 700 հոգի, այդ թվում՝ 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ։ Չնայած օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ, ԱԺ-ից փոխանցել են` «սա ավանդական 13-րդ աշխատավարձն է»։

Հետպատերազմյան 2020-ի ավարտին, օրինակ, ԱԺ-ի նախկին խոսնակ Արարատ Միրզոյանը միայն ԱԺ աշխատակազմին էր պարգևատրել։ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաստատել է, որ անցած Ամանորին ընդառաջ չեն ստացել պարգևատրում։

8-րդ գումարման պատգամավորները վերջին երեք ամսում 2-րդ անգամ են պարգևատրվում, նախորդը Անկախության 30-ամյակի առթիվ էր ու կրկին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Մոտ 500 հազար դրամ պատգամավորական աշխատավարձին ընդամենը մի քանի ամիս առաջ էլ գումարվել էր 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի համար։ Արդյունքում, այս ամիս պատգամավորները նվազագույն աշխատավարձ ստացողից ավելի քան 17 անգամ շատ կստանան՝ գրեթե 1 միլիոն 200,000 դրամ:

 

  • Կիսվել: