ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ պահուստային ֆոնդի համակարգիչները տարվել են Գեղարքունիքի մարզ՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար

ԱԺ պահուստային ֆոնդի համակարգիչները տարվել են Գեղարքունիքի մարզ՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար

ԱԺ նախագահի և աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ապրիլի 3-ին ԱԺ-ի պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը տարվել է Գեղարքունիքի մարզ՝ հայտնել է մարզի ֆեյսբուքյան էջը։

Դրանք ընդունել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:

Նվիրաբերված համակարգիչները նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ տրամադրեն 4 և ավել դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: Բազմազավակ ընտանիքների ցանկը մարզպետարան է ներկայացվել օրերս՝ հանրակրթական դպրոցների տնօրինության կողմից: Համակարգիչները բաշխել են Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակիցները. դրանք ստացել են 36 հանրակրթական դպրոցների տնօրենները:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ` ԱԺ-ում նախատեսվել է առաջիկայում ևս հերթական խմբաքանակ տրամադրել մարզին: Իսկ հեռավար ուսուցման ավարտից հետո ՀՀ կառավարության որոշմամբ այդ համակարգիչները կվերադարձվեն դպրոցներին՝ համակարգչային դասընթացների օգտագործման համար:

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզում տեխնիկական միջոցների անհրաժեշտություն ունի 1116 բազմազավակ ընտանիք, որից 113-ն ունեն 4 և ավելի դպրոցահասակ երեխաներ: Նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ առաջիկայում, մի քանի փուլով, հնարավոր կլինի բավարարել մարզում առկա պահանջարկը:

 

 

  • Կիսվել: