ԱԺ-ն սահմանեց ռազմական դրության սահմանափակումները խախտելու տույժերի չափերը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Նշենք, որ դրանովառաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկած նախագծերի փաթեթն ընդունվեց 72 կողմ ձայնով:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել ու հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը: Սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ:
Վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվել ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում, անհետաձգելի աշխատանքներին ներգրավվելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում, ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար և մի շարք այլ դեպքերում: Առավել մեծ տույժ է նախատեսվում նշված խախտումներից որևէ մեկը կրկին կատարելու համար:
Նախագծում ներկայացված են համապատասխան տույժերի չափերը:



