ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 9-ի նիստում:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ տնտեսական զարգացումները Հայաստանում համահունչ են նախնական կանխատեսումներին: Հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է ապրանքների արտահանման նվազում 6,7 տոկոսով: 29,7 տոկոսով աճել է հայկական ծագման ապրանքների արտահանումը, իսկ ապրանքների ներմուծումը՝ 4 տոկոսով: Զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 14,8 տոկոս աճ, որից 23,3 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունից, իսկ 9,8 տոկոսն այլ երկրներից այցելուներն են: Դրամական փոխանցումների աճը կազմել է 21,7 տոկոս, որից 32,6 տոկոսը ՌԴ-ից, իսկ 8,6 տոկոսն այլ երկրներից: Վահե Հովհաննիսյանը նշել է, որ դա իր ազդեցությունն է ունեցել ԿԲ-ի կողմից իրականացվող միջոցառումների վրա: Հունվար-հունիս ամիսներին ԿԲ-ն շուկայում գնել է 1 մլրդ 161 մլն դոլար, որի հետևանքով Հայաստանի միջազգային պահուստները հասել են պատմական բարձր մակարդակի՝ կազմելով մոտ 6,2 մլրդ դրամ: Նախարարը տեղեկացրել է, որ դրամը շարունակում է մնալ արժևորված և հուլիս ամսվա դրությամբ դրամ-դոլար փոխարժեքը կազմել է 368 դրամ:
2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7,9 տոկոսով` պայմանավորված հիմնականում ծառայությունների, արդյունաբերության և շինարարության աճերով: Վահե Հովհաննիսյանի խոսքով գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11,9 տոկոս անկում, մինչդեռ շինարարությունն աճել է 24,5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 10,8 տոկոսով, ծառայությունները՝ 11 տոկոսով, իսկ առևտուրը՝ 1 տոկոսով։
Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5,1 տոկոս, իսկ միջին գնաճը հունվար-հունիս ամիսներին՝ 4,6 տոկոս: Ռեզիդենտների կողմից ավանդների աճը կազմել է 24,3 տոկոս, իսկ վարկավորման աճը՝ 22,6 տոկոս: 3,2 տոկոսով աճել է վարձու աշխատողների թիվը՝ կազմելով 810,671 մարդ: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5,5 տոկոսով՝ կազմելով 310,787 դրամ:
Նախարարը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1,576 մլրդ դրամ: Գրանցվել է ընթացիկ ծախսերի 11,6 տոկոս աճ, իսկ կապիտալ ծախսերը նվազել են 28,3 տոկոսով: Եկամուտները պլանային ցուցանիշից ավելի են եղել 6 տոկոսով, իսկ ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7 տոկոսով։ Նախարարը պարզաբանել է, որ կապիտալ ծախսերի՝ 83,7 մլրդ դրամով նվազումը պայմանավորված է պաշտպանության ապահովման ծրագրի գծով կապիտալ ծախսերի՝ 43,9 տոկոս նվազմամբ։ Միաժամանակ, ներքին ռեսուրսների հաշվին իրականացված կապիտալ ծախսերն (առանց պաշտպանության նախարարության ծախսերի) աճել են 42,4 տոկոսով։
ՀՀ պետական պարտքի ցուցանիշը նախորդ տարեվերջի համեմատությամբ նվազել է 3,5 տոկոսով և 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5,116 մլրդ դրամ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին, տվել պարզաբանումներ:



