կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Ռումինիայում ցուցադրվել է «Նռան գույնը» ֆիլմը

Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Ռումինիայում ցուցադրվել է «Նռան գույնը» ֆիլմը

Ռումինիայում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիան անցկացրել են «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը և քննարկում՝ նվիրված աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովին ու նրա գլուխգործոց համարվող «Նռան գույնը» ֆիլմին։
 
Երեկոն ողջույնի խոսքով բացել են Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի հրեական համայքների ֆեդերացիայի նախագահ Սիլվիու Վեքսլերը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:
 
Իր խոսքում դեսպան Մինասյանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա երեկոն խորհրդանշական է ինձ համար: Որպես դեսպան՝ ուրախ եմ քաղել Ռումինիայի երկու շատ հարգված համայնքների համատեղ ջանքերի պտուղները, որի արդյունքում այստեղ համախմբվել են մշակույթը սիրող և դրա կարևորությունը գնահատող այսքան համախոհներ:
 
Հայերի և հրեաների ճակատագրերը շատ նման են եղել միմյանց և, ցավոք, հայ և հրեա ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ողբերգական պատմության էջեր։ Ե՛վ հայ, և՛ հրեա ժողովուրդներն ունեն խորը և հին արմատներ, սակայն պատմության ընթացքում ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց անկախությունը, բայց և հետո ուժ են գտել այն վերականգնելու։ Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի երբեք չկրկնվեն այնպիսի մարդկային ողբերգություններ, ինչպիսիք են հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը»:
 
Տեսաուղերձի միջոցով ներկաներին իրենց ողջույնի խոսքն են հղել Ռումինիայի մշակույթի նախարար Լուչիան Ռոմաշկանուն, անգլիացի ռեժիսոր, կինոգետ ու համադրող Դանիել Բըրդը և ֆրանսահայ դերասան, բեմադրող և ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը՝ ներայացնելով նաև Փարաջանովի արվեստի յուրօրինակությունն ու ստեղծագործական ինքնատիպությունը:
 
Ֆիլմի դիտումից առաջ խոսքով հանդես է եկել ռումինահայ տաղանդավոր ռեժիսոր ու դերասանուհի Արմինե Ոսկանյանը, ով խոսել է ֆիլմի մասին, ներկայացրել դրա կողմից փոխանցվող գաղափարը: Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հասարակական շրջանակների, ինչպես նաև հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ:

  • Կիսվել: