հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի և շարունակական կազմակերպումը

Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի և շարունակական կազմակերպումը

Կառավարությունը լրացումներ է կատարել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգում։ Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորմամբ ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները ներառված են շահառուների շրջանակում, սակայն նույն լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները չեն ընդգրկվում փոխհատուցում ստացող անձանց ցանկում։

Գործնականում բազմաթիվ դեպքերում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացվում է հենց խմբակների միջոցով՝ պայմանավորված համապատասխան մասնագետների սահմանափակ թվով և առանձին դպրոցներում սովորողների ոչ մեծ քանակով։ Այդ պայմաններում խմբակավարների կողմից մի քանի բնակավայրերում կամ դպրոցներում գործունեություն ծավալելը դառնում է անհրաժեշտություն։ Սակայն տրանսպորտային ծախսերի փոխհատուցման բացակայությունը նվազեցնում է մասնագետների ներգրավվածության հնարավորությունը և վտանգում ծրագրերի շարունակական իրականացումը։

Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները ևս հանդիսանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառու։ Արդյունքում՝ կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի և շարունակական կազմակերպումը։

  • Կիսվել: