Դանուբի ռեկորդային ցածր մակարդակի պատճառով Ռումինիայում ամբողջությամբ դադարեցվել է Չեռնավոդայի ԱԷԿ-ի աշխատանքը
Ռումինիան ամբողջությամբ դադարեցրել է ատոմային էներգիայի արտադրությունը Չեռնավոդայի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերահսկվող կանգից հետո։ Այս մասին տեղեկացնում է Digi 24-ը:
Նշվում է, որ պատճառը Դանուբի մակարդակի շարունակական նվազումն է, որի ջրերն օգտագործվում են կայանի հովացման համար:
Երկրորդ ռեակտորի աշխատանքի դադարեցման գործընթացը սկսվել է հինգշաբթի առավոտյան և ավարտվել մոտավորապես 11:00-ին։ Առաջին էներգաբլոկը շահագործումից հանվել էր դեռևս հուլիսի վերջին։ Արդյունքում Ռումինիան ժամանակավորապես զրկվել է էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 20 տոկոսից և ստիպված է դեֆիցիտը փոխհատուցել ներմուծման, ինչպես նաև հիդրո, քամու և արևային գեներացիայի հաշվին։
Ինչպես հայտնել են Ռումինիայի էներգետիկայի նախարարությունից՝ էներգահամակարգը մնում է կայուն։ Առավելագույն սպառման ժամանակ էլեկտրաէներգիայի ներմուծումը կարող է կազմել մինչև 2300 ՄՎտ, ընդ որում՝ ներմուծման հասանելի միջսահմանային հզորությունը գնահատվում է մոտ 4000 ՄՎտ։ Հինգշաբթի առավելագույն սպառումը սպասվում է մոտ 6900 ՄՎտ մակարդակում։
Հաղորդվում է նաև, որ իշխանությունները ծրագրում են վերագործարկել Ռովինարի ջերմաէլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկը՝ 330 ՄՎտ հզորությամբ։ Բացի դրանից, համակարգում կարող են Hidroelectrica-ի լրացուցիչ հզորություններ ներգրավվել։



