չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 44 տարեկան

Ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 44 տարեկան

Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանն այսօր՝ հունվարի 18-ին կդառնար 44 տարեկան։ Հարազատներն ու ընկերներն այսօր այցելեցին «Եռաբլուր», խունկ ծխեցին նրա շիրիմին։

Վահագն Ասատրյանը լավագույն հրամանատարներից էր, զոհվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ Պատերազմի ժամանակ նրա  հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը մի շարք մարտական գործողությունների է մասնակցել։

Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա իր ղեկավարած ստորաբաժանման հետ միասին մեկնել է Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագն Ասատրյանի մշակած ռազմագործողությամբ ու հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացել է վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ Խաչատուրյան Խաչատուրին։ Վահագն Ասատրյանի կարգադրությամբ այդ դիրքը կոչվեց զոհված Խաչատրյանի պատվին։

Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված։ Ընթացող մարտական գործողությունների ժամանակ նա իր ստորաբաժանման հետ ընկել է շրջափակման մեջ։ Նրա հրամանատարությամբ իր ստորաբաժանումը մարտեր վարելով կարողացել է ճեղքել և դուրս գալ շրջափակումից։ Այդ ռազմագործողությունների ընթացքում նրա ստորաբաժանումը տվել է մեկ զոհ՝ Հենզելը։ Ըստ ականատեսների՝ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ իրադրությունն այնպիսին է եղել, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ։

Ըստ նրա օգնական Արթուր Մուսաելյանի հայտնած տեղեկությունների՝ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել։

Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Զոհվել է Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։

Վահագն Ասատրյանը ծնվել է Քասախ գյուղում, ավարտել է ռազմական հինգ բուհ։

1997 թ․՝ ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո, ծառայությունը շարհունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում որպես դասակի հրամանատար: Եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար։ Զինվորական ծառայության ընթացքում լեյտենանտից դարձել է գնդապետ։

  • Կիսվել: